Рубрика: Երաժշտություն

Կոմիտաս

Վաղ տարիներ (1869-1881)Խմբագրել

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ինՓոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը[16]։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր[17]։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ[18]։

Էջմիածին (1881-1895)Խմբագրել

Էջմիածնի Մայր Տաճար1890-ականներ

Գևորգյան Հոգևոր Ճեմարան1910

Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որ Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն, և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ[17]։ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։ Այնտեղ նա վերջապես հոգևոր խաղաղություն գտավ[18]։

18811910 թվականներին Սողոմոնը մեծ մասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում[19]։ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց հայկական ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը[20]։ Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է[21].

Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:


1890 թվականի օգոստոսի 9-ին Սողոմոնին շնորհվում է կուսակրոն սարկավագության վեցերորդ աստիճան։ Նույն տարում նա Խաչատուր ԱբովյանիՀովհաննես ՀովհաննիսյանիԱվետիք Իսահակյանի և այլոց ստեղծագործությունների հիման վրա երաժշտություն գրելու իր առաջին փորձերն է անում։ 1891 թվականի մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատ պաշտոնական թերթում հայկական ձայնանիշերով տպագրվում է նրա «Ազգային օրհներգ» երգը[22]։ Նրա վրա առաջին ազդեցությունը թողեց Քրիստափոր Կարա-Մուրզան, ով ճեմարանում դասավանդեց ընդամենը մեկ տարի՝ 1892 թվականին։ Հենց նա Սողոմոնին սովորեցրեց բազմաձայն երգչախմբի կառուցվածքը, որի շուրջ էլ նա կառուցեց իր երաժշտական ձեռքբերումները[20]։

1892 թվականի մայիսին մեկնում է ծննդավայր՝ հագստանալու և առողջությունը վերակագնելու նպատակով։ 1893 թվականին ավարտում է Գևորգյան ճեմարանը, իսկ նույն տարվա հոկտեմբերի 5-ին Խրիմյան Հայրիկի կոնդակով ճեմարանում նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1894 թվականի սեպտեմբերի 11-ին Սբ. Գայանեի վանքում ձեռնադրվում է աբեղա՝ Կոմիտաս անունով, իսկ 1895 թվականի սեպտեմբերին Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանի կողմից ձեռնադրվում է վարդապետ, որից հետո բոլորը նրան գիտեին որպես Կոմիտաս Վարդապետ[23]։ Նույն թվականին ավարտին հասցվեց նրա՝ ժողովրդական երգերի առաջին հավաքածուն՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի», որը ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային և պարային 25 երգեր։ Այն արժանացավ Էջմիածնի հոգևորականների հետադիմական և պահպանողական խմբակցության դժգոհությանը, ովքեր հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»[20]։

Թիֆլիս և Բեռլին (1895-1899)Խմբագրել

Հումբոլդտի համալսարան1900

1895 թվականի հոկտեմբերի սկզբին Կոմիտաս Վարդապետը մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Թիֆլիսը շատ հարմար քաղաք էր Կոմիտասի համար. այն հիշեցնում էր հայկական հողերը, և այնտեղ կար ծխական քահանայի տուն, որտեղ նա կարող էր ապրել։ Վեց ամիսների ընթացքում նա խորացրեց հարմոնիայի եվրոպական սկզբունքների մասին գիտելիքները և դրեց հետագայում եվրոպական երկրներում ուսանելու համար անհրաժեշտ գիտելիքների հիմքերը[24]։

1896 թվականի հունիսին Կոմիտասը ժամանեց Բեռլին՝ առանց որևէ համալսարան ընդունվելու։ Նրա ընկերները օգնեցին բնակարան գտնելու հարցում։ Սկզբնական շրջանում նա մի քանի ամիս ուսանեց Ռիխարդ Շմիդտի մոտ։ Այնուհետև նա ընդունվեց հանրահռչակ Բեռլինի կայսերական համալսարան (հետագայում` Հումբոլդտի համալսարան)։ Խրիմյան Հայրիկի օրհնությամբ և Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ նա կարող էր ուսում ստանալ, սակայն այլ միջոցներ չունենալու պատճառով Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից[20]։

Շաբաթական երկու անգամ, փոխէփոխ, իմ ուսուցչապետներիս մօտն եմ ճաշում. նոցա ընտանիքի մէջ ազատ մուտք ունեմ:[25]


Կոմիտասը արդյունավետորեն ընդունեց գերմանացի դասախոսների փոխանցած գիտելիքները։ Նրանց շարքում էին Բելլերմանը, Ֆլայչերը, Ֆրիդլենդերը։ Օսկար Ֆլայչերը հիմնեց Բեռլինի Միջազգային երաժշտական ընկերությունը, որի անդամ դարձավ նաև Կոմիտասը։ Նա նմանատիպ միության առաջին ոչ եվրոպացի մասնակիցն էր։ Այնտեղ նա 1899 թվականի մայիս և հունիս ամիսներին հանդես եկավ հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին դասախոսությամբ[17], որի ընթացքում ներկայացրեց, որ հայկական ժողովրդական երաժշտությունն ունի նախաքրիստոնեական՝ հեթանոս արմատներ։

Բեռլինում ուսանելու տարիներին ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել։ Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։ Շատ մտերիմ էր Ռիխարդ Շմիդտի ընտանիքի հետ։ Վերջինս Կոմիտասի մասին գրել է[26].

Կոմիտասը արդեն մեծ վարպետ է: Ես հպարտ եմ նրանով: Զգում եմ, որ ապրում եմ և ապրելու եմ Կոմիտասի մեջ:


1899 թվականին գերմանական «Sammelbände der internationalen Musik-Gesellschaft» հանդեսի 11-12 միացյալ համարում տպագրվում է Կոմիտաս Վարդապետի «Հայ եկեղեցական երաժշտություն» ուսումնասիրությունը։ Բեռլինում 1899 թվականին երաժշտական-փիլիսոփայական-պատմական գիտելիքների բաժինն ավարտելուց հետո նա վերադառնում է Էջմիածին։

1899 թվականին Կոմիտասը վերծանում է առոգանության խազագրությունը (հայտնաբերված հնագույն նմուշը՝ 9-րդ դար)՝ սկզբնաղբյուրների հետազոտության հիման վրա ընդհանրացնելով իր ժամանակի գործնական թվերգության տվյալները։ Ըստ Կոմիտասի՝ ավետարանական տեքստը առոգանությամբ ընթեռնելիս կամ թվերգելիս համակարգի յուրաքանչյուր նշան ստացել է ելևէջային մի կաղապարում ամփոփվող մի քանի նշանակություն, որոնք հաճախ ընդարձակ և ինքնին իմաստավորված դարձվածքներ են (հիշեցնում են ազգային հին վիպական երգերի ելևէջներ)։ Այդ կապակցությամբ Հրաչյա Աճառյանը գրում է[27].

Կոմիտաս օր մը ինծի ըսավ. «Հայկական 50 հատ խազ կա: Ես կկարծեմ, որ հայոց ձայնանիշը քանի մը ձայն կպարունակե իր մեջ» և ուրախությամբ վրա բերավ. «Ես գաղտնիքը գտեր եմ…»:

Բուռն աշխատանքային շրջան (1899-1910)Խմբագրել

Կոմիտաս և Տիրայր Վարդապետ, Էջմիածին1901

Վերադառնալով Գևորգյան ճեմարան՝ Կոմիտաս Վարդապետը 1899 թվականի սեպտեմբերից սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ պաշտոնում Կոմիտասը մնաց մինչև 1906 թվականը։ Այդ շրջանում էր, որ նա ավարտին հասցրեց տեսական և հետազոտական աշխատանքները, որոնց շնորհիվ էլ իր տեղը զբաղեցրեց երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաների շարքում։ Ճեմարանի տղամարդկանց բազմաձայն երգչախմբով համերգներ է տվել ԵրևանումԹիֆլիսումԲաքվում։

Կոմիտասը ամառն անց էր կացնում Հայաստանի տարբեր գյուղերում՝ առանձնահատուկ հարաբերություններ հաստատելով գեղջուկների հետ։ Իր «Ձեռաց տետրակ հայ սրբազան և գեղջուկ համերգի» մեջ նա գրում է[28].

Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգւով ու սրտով: Իր երգելու մեջ բնութիւնը կը խօսե. որովհետև բնութիւնն է նախ իր մեջ խօսած: Իր սրտի մէջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ: Իր ամբողջ կեանքը իր երգերու մէջն է ներշնչած: Վերջապէս գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը և կեանքը կանդրադարձնեն:

Կոմիտաս Վարդապետ, գործ՝ Եղիշե Թադևոսյանի

Այդ ամենի արդյունքում Կոմիտասը լուծեց հայկական գեղջկական երգերի վերարտադրման և պահպանման բարդ գիտական խնդիրը։ 1903 թվականի վերջին 3 տարվա հավաքագրումներից հետո լույս տեսավ ժողովրդական երգերի «Հազար ու մի խաղ» հավաքածուն։ Հավաքագրման հարցում նրան օգնեց Մանուկ Աբեղյանը։ Այդ հավաքածուի երկրորդ տպագրությունը 1904 թվականին էր, իսկ 1905 թվականին հրատարակվեցին ևս 50 երգեր[20]։

1903 թվականի աշնանը Թիֆլիսից Էջմիածին է հասնում Ջիվանին իր խմբով։ Կոմիտասն այդ առիթն օգտագործեց իր աշակերտներին աշուղական երաժշտության բուն աղբյուրի մասին գաղափար տալու նպատակով։ Նա իր մոտ հրավիրեց Ջիվանուն և ձայնագրեց Շիրինի «Այգեպան, ի՞նչ ես անում» և Ջիվանու «Ա՜խ, կորան» երգերը, որոնք հետագայում դարձան նրա սիրելի մոտիվները[24]։

1904 թվականին իշխանուհի Մարիամ Թումանյանը Կոմիտասին է ուղարկում Հովհաննես Թումանյանի «Բանաստեղծություններ» հատորը (1903Թիֆլիս) և առաջարկում օպերա գրել «Անուշ» պոեմի հիման վրա։ Նա ձեռնամուխ եղավ այդ գործին, կատարեց լայնածավալ աշխատանք, կազմեց օպերայի բեմականացման ծրագիրը, սակայն այդ աշխատանքը անհայտ պատճառներով երբեք չհրապարակվեց։

1905 թվականի վերջին արդեն մտածում էր ճեմարանի ուսուցչությունից հրաժարվելու մասին, քանի որ նյարդային սաստիկ տկարություն ուներ[29]։ 1906 թվականին Կոմիտասն արդեն չէր դասավանդում ճեմարանում։

1906 թվականի դեկտեմբերին սկսվեցին հայ ժողովրդական և հոգևոր երգերի մշակումներով համերգները Փարիզում։ Այդ համերգներից մեկում տեղի ունեցած մի դիպվածի մասին Հրաչյա Աճառյանը գրել է[30].

Իմացեր եմ, որ 1906 թուին Փարիզի մէջ Կոմիտասի ցուցադրական մէկ համերգէն վերջ, ֆրանսիացի յայտնի կոմպոզիտոր-դաշնակահար Կլոդ Դեբիւսին, ծունկի գալով կը համբուրէ Կոմիտասի ձեռքերը, ըսելով. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կը խոնարհիմ…»:


1907 թվականի հունիսին Արշակ Չոպանյանի հետ մեկնում է Իտալիա։ Կոմիտասը շատ էր հավանել այդ երկիրը. «Իտալիան շատ գեղեցիկ է, բայց մեր դժբաղդ հայրենիքն աւելի գեղեցիկ է»։ Բնակվում էին Սբ. Մարկոսի հրապարակի հյուրանոցներից մեկում։ Կոմիտասը 3 շաբաթ աշխատեց Վենետիկի վանքում, իսկ մեկնելով Հռոմ՝ հանդիպեց Պիուս 10-րդ Պապին, որի օգնությամբ թանգարաններ մուտքի հնարավորություն ստացավ, որտեղ կատարեց բազմաթիվ ուսումնասիրություններ[31]։ Իտալիայից հետո մեկնեց Բեռլին, իսկ 1908 թվականի սկզբին՝ Թիֆլիս։ Նույն թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վահան Տեր-Առաքելյանի հետ համերգներ ունեցավ ԻգդիրումՎաղարշապատումԵրևանում և Բաքվում։ Կոմիտասի համերգային շրջագայությունները նպատակ ունեին հասարակությանը ծանոթացնել հայ ժողովրդական երաժշտությանը և այդ ասպարեզում կատարած ոաումնասիրություններին։ Իր դասախոսությունները Կոմիտասը ուղեկցում էր ժողովրդական երգերի ոգեշունչ մեկնաբանմամբ։ Ներքին մեծ հուզմունքով կատարում էր քնարական, աշխատանքային, ծիսական և այլ երգեր, ղեկավարում իր կազմակերպած երգչախմբերը, որոնց մասնակից էր դառնում տեղի հայ երիտասարդությունը[32]։

1909 թվականի մարտին Թիֆլիսի Արքունական թատրոնում տեղի ունեցավ միջազգային եկեղեցական երաժշտության փառատոն, որում Կոմիտասի ղեկավարած երգչախումբը գրավեց առաջին տեղը[24]։

Արտասահմանյան շրջագայություններից հետո հետադիմական կղերականությանը Էջմիածնում ծանր կացություն ստեղծեց Կոմիտասի համար։ Նա պաշտոնական նամակով դիմեց կաթողիկոս Իզմիրլյանին[33].

Քսան տարի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եմ: Մտել եմ այս հաստատութեանը ծառայելու նպատակով: Քսան տարուան ընթացքում շրջապատն ինձ թոյլ չի տուել այն անելու, ինչ կարող էի, որովհետև տեսայ միայն որոգայթ և ոչ արդարութիւն: Նեարդերս թուլացել են, այլևս տոկալու ճար ու հնար չունեմ: Որոնում եմ հանգիստ, չեմ գտնում. ծարաւի եմ ազնիւ աշխատանքի, խանգարում են. փափագում եմ հեռու մնալ՝ խցել ականջներս՝ չը լսելու համար, գոցել աչքերս՝ չը տեսնելու համար, կապել ոտքերս՝ չը գայթակղվելու համար, սանձել զգացումներս՝ չը վրդովուելու համար, բայց, զի՛ մարդ եմ, չեմ կարողանում: Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կեանքս մաշուում է, և միայն վարանանքն է բուն դնում հոգուս ու սրտիս խորքում: Եթէ հաճոյ է Վեհիդ ինձ չը կորցնել, այլ գտնել, արտասուելով աղերսում եմ՝ արձակեցէք ինձ Ս. Էջմիածնայ Միաբանութեան Ուխտից և նշանակեցէք Սևանայ Մենաստանի մենակեաց: Քսան տարին կորցրի, գոնէ մնացած տարիներս շահեցնեմ և անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղները՝ իբր առաւել կարևոր ծառայութիւն հայ տառապեալ սուրբ Եկեղեցւոյ և Գիտութեան:


Իգմիրլյանը մերժեց Կոմիտասի ուղերձը՝ դրանով իսկ ծանրացնելով նրա վիճակը։ Մեկ տարի անց՝ 1910 թվականի մայիսին, Կոմիտասը հեռացավ Էջմիածնից՝ հաստատապես որոշելով այլևս երբեք չվերադառնալ։

Կոստանդնուպոլիս (1910-1915)Խմբագրել

Կոմիտասի «Գուսան» երգչախումբը1910

1910 թվականի սեպտեմբերին Կոմիտասը ժամանում է Կոստանդնուպոլիս։ Մինչև այնտեղ հասնելը համերգներ է ունենում Էսկի-Շեհիրում և Պրուսայում։ Կոստանդնուպոլսում ստեղծում է «Գուսան» երգչախումբը 300 անդամներով։ Այնուհետև նա բազմաթիվ դասախոսություններ և համերգներ է ունենում ամբողջ ԵվրոպայումԹուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»[34]։ Երգչախմբի առաջին համերգը տեղի ունեցավ 1910 թվականի նոյեմբերին «Պըտի Շան»-ի ձմեռային թատրոնում։

1910 թվականին Կոմիտասն ամփոփեց «խազաբանության տարրերը»։

Իրաւ է, ես գտել եմ հայ խազերի բանալին, և նոյնիսկ կարդում եմ պարզ գրուածքները, բայց դեռ վերջակէտին չեմ հասել. զի իւրաքանչիւր խազի խորհրդաւոր իմաստին թափանցելու համար, նոյնիսկ տասնեակ ձեռագիրներ պրպտելով, երբեմն ամիսներ են սահում, իսկ ձեռքիս տակն եղած խազերը, այն էլ անուն ունեցողները, 198 հատ են առայժմ, մի կողմ թողնենք դեռ անանուն խազերը, որոնք խիստ շատ են:[35]


1911 թվականի ապրիլին Եգիպտոսի «Մանթաշով» նավթընկերության ընդհանուր գործակատար Հովհաննես Մութաֆյանի հրավերով Կոմիտաս Վարդապետը մեկնում է Եգիպտոս, որտեղ համերգներ և բանախոսություններ է կազմակերպում Ալեքսանդրիայում և Կահիրեում։ 1911 թվականի մայիսին Ալեքսանդրիայում համերգ տված երգչախումբը երկսեռ էր[24]։

Կոմիտաս Վարդապետը ժամանակի հետ քայլող անձնավորություն էր. նա ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար, կրում էր մողեսի տեսքով կրծքազարդ և իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես։

1911 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մեկնում է Փարիզ, այնտեղից էլ Անգլիա՝ հանգստանալու և կազդուրվելու համար։ Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ շարունակում է բազմաթիվ համերգներ տալ երգչախմբի հետ։ 1914 թվականի հունիսին Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտագիտական ընկերակցության համաժողովին՝ Լուի Լալուայի նախագահությամբ, որտեղ ունենում է բանախոսություններ[24]։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s