Рубрика: Էկոլոգիա

ԳՄՕ

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ՝ ԳՄՕ), օրգանիզմ, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

Ներկայումս գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգենների օգտագործումն է՝ տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով։

Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով՝ հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ:

ԳՁՕ ստանալու նպատակները

Գենետիկորեն ձևափոխված կապույտ վարդի ստացման քայլերը
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը գենային ինժեներիան դիտարկում է որպես մեթոդ՝ տրանսգենային բույսերի կամ այլ օրգանիզմների ստացման համար և համարում այն գյուղատնտեսության անքակտելի մասը։ Տրանսգենեզը բույսերի և կենդանիների սելեկցիայի զարգացման եղանակներից մեկն է, որով մեծանում է սելեկցիոներների հնարավորությունները՝ նոր որակի բույսերի և կենդանիների ստացման տեսակետից։ Մասնավորապես, դրանով հնարավոր է դառնում տեղափոխել օգտակար հատկությունները դրանց չունեցող օրգանիզմներ:

Ինչպես տարբեր տեսակների առանձին գեների, անպես էլ նրանց տարբեր համակցություների օգտագործումը նոր տրանսգենային սորտերի ստացման գործում հանդիսանում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ռազմավարություններից մեկը, որն ուղղված է գյուղատնտեսության և սննդարդյունաբերության ոլորտում գենետիկական ռեսուրսների պահպանմանն ու օգտագործմանը:

Շատ դեպքերում տրանսգենային բույսերի օգտագործումն էականորեն բարձրացնում է բերքատվությունը: Կարծիք կա, որ աշխարհի անընդհատ աճող բնակչության դեպքում միայն ԳՁՕ-ները կարող են սովից փրկել մարդկությանը, քանի որ գենային ձևափոխմամբ հնարավոր է բարձրացնել պարենամթերքի բերքատվությունն ու որակը։ Այս տեսակետի հակառակորդները համարում են, որ գյուղատնտեսության մեջ կիրառվող ժամանակակից ագրետեխնիկական միջոցները բավարար են մարդկությանը անհրաժեշտ քանակի պարենամթերքով ապահովելու համար։

ԳՁՕ-ների ստացման հիմնական փուլերը.

մեկուսացված գենի ստացում
գենի ներմուծում վեկտորի մեջ՝ այլ օրգանիզմ տեղափոխելու նպատակով
գենով վեկտորի տեղափոխում ձևափոխվող օրգանիզմ
օրգանիզմի բջիջների ձևափոխում
գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ընտրություն, անհաջողության մատնված ձևափոխումների վերացում
Գեների սինթեզը ներկայումս շատ կայացած է, որոշ դեպքերում նաև՝ ավտոմատացված։ Կան համակարգիչներով հագեցված հատուկ սարքավորումներ, որոնց հիշողության մեջ ներդրվում են տարբեր նուկլեոիդների հաջորդականության սինթեզի ծրագրեր։ Այսպիսի սարքը սինթեզում է մինչև 100-120 ազոտային հիմքերով ԴՆԹ-ի հատվածներ։

Վեկտորի մեջ գենի ներդրման համար օգտագործում են ֆերմենտներ՝ ռեստրիկտազներ և լիգազներ: Ռեստրիկտազներով գենն ու վեկտորը հնարավոր է մասնատել։ Լիգազներով այսպիսի մասերը հնարավոր է կպցնել, վերախմբավորել։

Բակտերիաներում գենի ներդրումը մշակվեց այն բանից հետո, որբ Ֆրեդերիկ Գրիֆֆիտը բացահայտեց բակտերիային տրանսֆորմացիան: Վերջինիս հիմքում ընկած է պրիմիտիվ սեռական գործընթացը, որը բակտերիաների մոտ ընթանում է ոչ քրոմոսոմային ԴՆԹ-ի (պլազմիդ) փոքր մասերի փոխանակմամբ։ Պլազմիդային տեխնոլոգիաներով իրականացվում է արհեստական գեների ներմուծումը բակտերիային բջիջ։ Կենդանու կամ բույսի օրգանիզմի մեջ պատրաստի գենի ներմուծման համար օգտագործում են տրասֆեկացիաների մեթոդը։

Երբ միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմների բջջային կուլտուրաները ենթարկվում են ձևափոխման, սկսվում է այն օրգանիզմների և նրանց սերնդի ընտրությունը, որոնք ենթարկվել են ձևափոխման։ Եթե բազմաբջիջ օրգանիզմների ստացման խնդիր է դրված, ապա փոփոխված գենոտիպով բջիջներն օգտագործվում են բույսերի վեգետատիվ բազմացման համար, իսկ կենդանիների դեպքում՝ ներմուծվում են սուրրոգատ մոր բլաստոցիտի մեջ։ Արդյունքում ծնվում է փոփոխված գենոտիպով նորածին, որոնցից ընտրվում և խաչասերվում են միայն նրանք, որոնց մոտ կան ցանկալի փոփոխությունները։

Անվտանգություն

1970 թվականների վերախմբավորված ԴՆԹ ստանալու տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն ստեղծվեց ստանալ օրգանիզմներ, որոնք կարող են ունենալ օտար գեն։ Այն հարուցեց հասարակության որոշ շերտերի զայրույթը և հիմք դրեց դրանց անվտանգության մասին քննարկումներին:

1974 թվականին ԱՄՆ-ում կազմվեց հանձնաժողով՝ կազմված մոլեկուլային կենսաբանության առաջատար գիտնականներից, այդ հարցի ուսումնասիրման համար։ Առավել հայտնի երեք գիտական ամսագրերում (Science, Nature, Proceedings of the National Academy of Sciences) հրատարակվեցին այսպես կոչված «Բրագի նամակները», որոնք գիտնականներին կոչ էին անում ժամանակավորապես դադարեցնել հետազոտություններն այդ ոլորտում:

1975 թվականին կայացած համաժողովում քննարկվեց գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վտանգավորության ռիսկերը:

1976 թվականին ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից մշակվեցին սկզբունքներ, որոնք խստորեն կարգավորում էին վերախմբավորված ԴՆԹ-ների հետ տարվող աշխատանքները։ 1980-ակաների սկզբին այս կանոնները վերանայվեցին և մեղմացվեցին:

1980-ական թվականներին ԱՄՆ-ում ստացվեցին ԳՁՕ-ների առաջին տեսակները։ Մի շարք կազմակերպությունների (Առողջապահության ազգային ինստիտուտ անգլ.՝ National Institutes of Health, Սննդամթերքի, դեղամիջոցների և կոսմետիկ միջոցների որակի վերահսկման վարչություն, FDA (անգլ.՝ Food and Drug Administration) կողմից կատարվեցին դրանց ստուգումներ, որից հետո այս օրգանիզմները թույլատրվեցին վաճառքի համար:

Ներկայումս տարբեր հետազոտություններ ապացուցում են, որ ԳՁՕ-ները վտանգավոր չեն մարդկանց համար: 25 տարի տևած ավելի քան 500 տարբեր անկախ հետազոտական խմբերի կողմից կատարված հետազոտությունները վկայում են, որ դրանք ավելի վտանգավոր չեն, քան ավանդական եղանակով ստացված մթերքները։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s