Рубрика: Պատմություն

Վարազդատ, Արշակ Գ

Վարազդատ (ծն. և մահվան թթ. անհայտ մոտ 350-393-ից հետո), Հայոց Արշակունի թագավոր 374-378 թթ.–ին։ Հաջորդել է իր ազգական՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բաթ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայաստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376 թ.–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպարապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բաթ Սահառունուն։ 377 թ.–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բաթ Սահառունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։ Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։

Արշակ Գ (ծն.թ. անհայտ մոտ 371 – մոտ 390), Հայոց թագավոր 378–ից։ Պապի որդին և հաջորդը։Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Նա Հայաստան է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկական զորաբանակը դուրս է վանել երկրից։ Այնուհետև առժամանակ Հայաստանում տիրել է համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Սակայն 384–ից հետո Պարսկաստանի ու Հռոմի միջև բանակցություններ են սկսվել Հայաստանի բաժանման շուրջ։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Դրանից հետո Շապուհ III Հայոց գահը հանձնել է Խոսրով Դ Արշակունուն։ 387–ից հետո, երբ անդամատվել է Հայաստանը, հռոմեական մասում խաղաղությամբ, բայց կայսրությունից կախյալ թագավորել է Արշակը, որի մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել իր տիրապետության ներքո գտնվող Հայաստանում։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում։Ես 14 տարեկան եմ։Սիրում եմ երգել։Ընտրել եմ նախադպրոցական կրթությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s